Մանկան մաշկի առանձնահատկությունները

Մանկան մաշկի առանձնահատկությունները

Մանկան մաշկի առանձնահատկությունները
Մանկան մաշկի առանձնահատկությունները

Բովանդակություն


Մանկական մաշկը տարբերվում է մեծահասակների մաշկից․ դրա կառուցվածքի առանձնահատկությունների հետևանքով մանուկների հակվածությունը մի շարք հիվանդությունների նկատմամբ, ավելի բարձր է։ Օրինակ, նորածին երեխաների մոտ շփաբորբը հանդիպում է 20%1 ավելի հաճախ, քան 2 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների մոտ։

Նորածին երեխայի մաշկի առանձնահատկությունները

Ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մաշկը կազմված է երկու շերտից՝ ավելի խորքում գտնվող բուն մաշկից և այն ծածկող վերնամաշկից։ Այն իր հերթին կազմված է 5 շերտից՝ փայլուն, հիմքային, եղջրային, փշաձև բջիջների և հատիկավոր բջիջների շերտերից։ Հիմքային շերտում տեղի է ունենում բջիջների բազմացում, որտեղից էլ նրանք աստիճանաբար անցնում են դեպի մաշկի մակերևույթ՝ այսինքն դեպի եղջրային շերտ։ Շարժվելով, նրանք փոխվում են՝ նրանք կորցնում են իրենց կորիզը և կուտակում են կերաթին, իսկ հետո ամբողջությամբ մեռնում են, և առաջացնում են էպիդերմիսի մակերեսի վրա մեռած մաշկի եղջերաթեփերի շերտ: Աստիճանաբար եղջերաթեփը թափվում է և փոխարինվում «խորքերից» բարձրացած նոր բջիջներով։

Նորածին երեխաների մաշկն ունի մի շարք հատկանշական առանձնահատկություններ․

  • Վերնամաշկը կազմված է միայն երեք շերտից՝ հիմքային, փշաձև և եղջրային։ Մնացած շերտերը կազմվում են ավելի ուշ, սկզբից՝ ձեռքերին և ոտնաթաթերին, հետո մարմնի այլ հատվածներում։ Այդ իսկ պատճառով բջիջներն ավելի արագ են հասնում վերին շերտին, չհասցնելով ամրանալ և կայունանալ արտաքին միջավայրի ազդեցության դեմ, ինչպես մեծահասակների մոտ։
  • Բուն մաշկի և վերնամաշկի կապը ամուր չէ, այդ իսկ պատճառով վարակի դեպքում հեշտությամբ առաջանում են բշտիկներ կամ փուչիկներ։
  • Ծննդից անմիջապես հետո մաշկի рН չեզոք է, միայն 2-3 ամսականում այն սկսում է վերափոխվել թթվայինի, ինչը ուժեղացնում է մաշկի պաշտպանիչ հատկությունները։
  • Ճարպագեղձերը և քրտնագեղձերը երեխաների մոտ ձևավորված են, բայց աշխատում են ոչ այնքան ակտիվորեն, դրանց աշխատանքը կարգավորող նյարդային համակարգի ոչ հասուն լինելու պատճառով։ Քրտնագեղձերի քիչ ակտիվության պատճառով, դրանց կողմից արտադրվող մաշկի պաշտպանիչ շերտը (լիպիդային շերտը) շատ բարակ է և հավելյալ բարակում է հաճախակի ջրային պրոցեդուրաների արդյունքում։ Հետևաբար, երեխայի մաշկը ավելի արագ է կլանում հեղուկը։ Անգամ ջրի մեջ ոչ երկարատև գտնվելու արդյունքում երեխաների կրունկները և ափերը կնճռոտվում են։
  • Մաշկի գեղձերի կողմից արտադրվող մանրէասպան արտազատուկները դեռևս շատ թույլ են, և սա ևս մեկ պատճառ է մանրէների նկատմամբ ցածր դիմադրողականության։
  • Մանկական մաշկում առկա է ջրի մեծ քանակություն և մի շարք անոթներ՝ բարակ, թափանցելի պատերով։ Դիմադրողականության և կենտրոնական նյարդային համակարգի ոչ լիարժեք զարգացվածության հետևանքով ստեղծվում են բարենպաստ պայմաններ մաշկային ալերգիկ ռեակցիաների համար, որոնք ընթանում են ավելի բուռն քան մեծահասակների մոտ։
Նորածին երեխայի մաշկի փոփոխությունները

Նորածին երեխայի մաշկի փոփոխությունները

Ժամանակի հետ երեխայի մաշկը նմանվում է մեծահասակների մաշկին, ապահովելով ավելի լավ պաշտպանություն։ Արդեն 1 ամսականում ձևավորվում են վերնամաշկի բոլոր շերտերը, որոնց հաստությունը աստիճանաբար ավելանում է։ Որի շնորհիվ մաշկը դադարում է «թափանցիկ» լինել, չեն երևում անոթները, գույնը փոխվում է նորածնի կարմրից դեպի վարդագույն։ Մաշկի рН չեզոքից դառնում է թթվային՝ բարձրանում է հակազդեցությունը մանրէների նկատմամբ։ Կյանքի առաջին տարվա ընթացքում նվազում է մաշկում ջրի պարունակությունը և անոթների ներթափանցելիությունը Աստիճանաբար կարգավորվում է ճարպագեղձերի և քրտնագեղձերի աշխատանքը։

Նորածին երեխայի մաշկի ֆունկցիաները

Նորածնի օրգանիզմում մաշկը կատարում է նույն ֆունկցիաները, ինչ մեծահասակների մոտ, սակայն որոշակի տարբերություններով, որոնք կապված են անատոմիական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հետ․

  • Պաշտպանիչ ֆունկցիան վատ է արտահայտված՝ բարակ վերնամաշկի և դրա՝ բուն մաշկի հետ թույլ կապի, մաշկի չեզոք рН-ի, տեղային դիմադրողականության և լիպիդային շերտի անբավարարության պատճառով։
  • Նորածին երեխայի մաշկում շնչառական ֆունկցիան ավելի լավ է զարգացած, քան մեծահասակների մոտ։ Դա կապված է վերնամաշկի բարձր թափանցելիությամբ և բուն մաշկի անոթների մեծ քանակի հետ։ Նորածնի օրգանիզմում մաշկի միջոցով ներթափանցում է 8-10 անգամ ավելի շատ թթվածին, քան մեծահասակների մոտ2. Շնչառական ֆունկցիայի պահպանման համար կարևոր է, որպեսզի մաշկը լինի մաքուր՝ ցանկացած աղտոտվածություն նվազեցնում է դրա թափանցելիությունը։ Մաշկի մեջ թթվածնի ներթափանցմանը խանգարում են նաև շատ քսուքներ, նրբաքսուքներ, որոնք մաշկի մակերեսին ստեղծում են հաստ թաղանթ՝ սա պետք է հաշվի առնել մանկան խնամքի միջոցներն ընտրելիս։
  • Մաշկի կլանող ֆունկցիան նույնպես լավ է զարգացած․ նրբաքսուքները, քսուքները, արտաքին օգտագործման լուծույթները արագ ներթափանցում են օրգանիզմ անոթային ցանցի միջոցով։
  • Արտազատման ֆունկցիան, որն իրականացվում է քրտնագեղձերի և ճարպագեղձերի միջոցով նորածնի մաշկում գրեթե բացակայում է։ ներարգանդային զարգացման ընթացքում ձևավորված քրտնագեղձերը սկսում են աշխատել միայն 3 ամսական հասակում, իսկ ամբողջականորեն 3 տարեկանում3։
  • Ջերմակարգավորիչ ֆունկցիան նորածնի մաշկում կատարյալ չէ, քրտնագեղձերի ոչ հասունության պատճառով երեխան հեշտությամբ տաքանում և սառչում է։
  • Մաշկի սինթետիկ ֆունկցիան ՝ օգտակար նյութերի առաջացումն է, առաջին հերթին՝ D վիտամինի, որն անհրաժեշտ է մանկական օրգանիզմի աճի և ոսկրամկանային համակարգի ճիշտ զարգացման համար։ Այս ֆունկցիան ամբողջությամբ իրականացվում է 3-4 շաբաթական հասակում։
  • Շոշափողական ֆունկցիան կապված է մաշկում առկա ռեցեպտորների հետ, այն կարևոր դերակատարում ունի երեխայի՝ արտաքին միջավայրի հետ փոխազդեցության մեջ։
Մանուկների մոտ հնարավոր մաշկային հիվանդությունները

Մանուկների մոտ հնարավոր մաշկային հիվանդությունները

Թվարկված առանձնահատկությունների պատճառով նորածին երեխայի մաշկն ունի որոշակի հիվանդությունների հակվածություն։ Նրա մակերևույթին ավելի հեշտ են առաջանում ճաքեր, կարմրածություններ, պղպջակներ, ավելի արագ են ընթանում վարակների զարգացումները։ Մաշկը կատարում է մի շարք ֆունկցիաներ և կարևոր է պահպանել այն առողջ վիճակում՝ ժամանակին և ճիշտ բուժել հնարավոր հիվանդությունները։ Ոչ միշտ են ծնողները կարողանում ինքնուրույն որոշել ցանի կամ կարմրածության պատճառը նորածին երեխայի մոտ, այդ իսկ պատճառով երեխայի մաշկի վիճակի փոփոխության դեպքում անհրաժեշտ է այցելել մանկաբույժի։

Շփաբորբ

Շփաբորբը բավականին հաճախ է հանդիպում նորածին երեխաներ մոտ։ Այն իրենից ներկայացնում է բորբոքված հատվածներ, որոնք առաջացել են հարման և խոնավության հետ շփման արդյունքում, այդ պատճառով առաջանում են մաշկի ծալքերում (աճուկային, նստատեղային, թևատակային) և ականջների ետնամասում։ Շփաբորբի թեթև աստիճանը չի ազդում մանկան ընդհանուր վիճակի վրա և հեշտությամբ անցնում է ճիշտ խնամքի և հատուկ դեղորայքային քսուքների օգտագործման դեպքում, որոնք պարունակում են բաղադրիչներ, որոնք նպաստում են բնական արագ լավացմանը և առաջացնում են շնչող բարակ պաշտպանիչ շերտ մաշկի վրա։ Բուժման բացակայության դեպքում հնարավոր են շփաբորբի վարակային բարդություններ, որոնք առաջանում են բակտերիաների կամ Candida սկների առկայության դեպքում։ Այդ հիվանդություններն ունեն բավականին ծանր ընթացք, առաջանում է քոր, վերքեր, թարախաբշտիկներ, վատանում է երեծայի ինքնազգացողությունը՝ նա չի կարողանում քնել, կամակարություններ է անում։

Քրտնխաշ

Քրտնխաշը՝ մանր, ոչ թարախային ցանն է, երբեմն ոչ մեծ պղպջակներ, որոնք առաջանում են սխալ խնամքի արդյունքում, մասնավորապես ծալքերում և հպման վայրերում, իսկ երբեմն նաև ամբողջ մարմնի վրա։ Քրտնխաշն ուղեկցվում է քորով, սակայն չի ազդում երեխայի ընդհանուր ինքնազգացողության վրա և անցնում է ճիշտ խնամքի դեպքում։

Եղնջացան

Եղնջացանը մաշկային ալերգիկ դրսևորում է, կարմրածություններով, այտուցներով, երբեմն պղպջակներով։Փոփոխություններն առաջանում են մարմնի, դեմքի, վերջույթների վրա, ցանի տարրերը կարող են միաձուլվել, հատկապես մաշկային ծալքերում և հարման հատվածներում։ Եղնջացանը նորածինների մոտ սովորաբար սուր ընթացք ունի, այն արագ է առաջանում, ախտանիշները չափազանց արագ են զարգանում և վերանում են հակաալերգիկ դեղորայքների օգտագործման դեպքում։ Եղնջացանից հետո մաշկի վրա հետքեր չեն մնում։

Ակնե

Նորածինների ակնեն՝ բշտիկային ցան է, որն առաջանում է ծննդից հետո 3 շաբաթների ընթացքում։ Պատճառ կարող են հանդիսանալ հորմոնալ փոփոխությունները, որոնք կապված են ծննդաբերությունից առաջ մոր օրգանիզմում տեստոստերոնի կամ մակերիկամների կողմից արտադրվող կորտիկոստերոիդների ավելցուկի հետ։ Ակնեն բուժման կարիք չունի և ինքնուրույն դադարում է առավելագույնը 2 շաբաթ անց, առավել հաճախ՝ մի քանի օրվա ընթացքում։

Բուլյոզ էպիդերմոլիզ

Ի ծնե բուլյոզ էպիդերմոլիզը համարվում է ժառանգական հիվանդություն, որը կապված է մաշկի որոշ սպիտակուցների դեֆեկտի հետ։ Գլխավոր ախտանիշը՝ աննշան մեխանիկական ազդեցության հատվածում պղպջակների առաջացումն է։

Պիոդերմիաներ

Պիոդերմիաները՝ մաշկի բոլոր թարախային հիվանդություններն են։ Նորածինների մոտ դրանք շատ հաճախ կապված են ոսկե ստաֆիլոկոկի հետ, սակայն դրա պատճառ կարող են հանդիսանալ նաև այլ միկրոբները։ Կյանքի առաջին ամսիներում երեխաների մոտ առաջացող պիոդերմիաները պայմանավորված են մաշկի թույլ պաշտպանիչ հատկություններով, և իրավիճակն այս դեպքում ավելի բարդացնում են հիմնային рН-ը և միկրովնասվածքների թույլ առաջացումը։ Մազերի ֆոլիկուլների շուրջ զարգանում է բորբոքվածություն, առաջանում է մաշկի կոշտացած և կարմրած հատված, որը վերածվում է թափանցիկ բաղադրությամբ պղպջակի և ավելի ուշ դառնում է գորշ թարախային։ 2-3 օր անց այն վերածվում է կեղևի, որի տակ աստիճանաբար մաշկը լավանում է։

Պսևդոֆուրունկուլյոզ

Սննդային խանգարումներ (դիստրոֆիա) կամ ծանր հիվանդություններ ունեցող, այսինքն դիմադրողականության արտահայտված անբավարարությամբ նորածինների մոտ հնարավոր է պսևդոֆուրունկուլյոզի կամ բազմաթիվ թարախաբշտիկների առաջացումը։ Մարմնի, ոտքերի, վզի հետին հատվածներում, առաջանում են խոշոր ներմաշկային թարախային հյուսվածքներ։ Պսևդոֆուրունկուլյոզի բուժման համար անհրաժեշտ են հակաբիոտիկներ, երբեմն նաև վիրաբուժական միջամտություն։

Յուրաքանչյուր հիվանդություն ունի իր բուժման եղանակները, այդ պատճառով չափազանց կարևոր է կատարել ճիշտ ախտորոշում և ընտրել անհրաժեշտ դեղորայքային միջոցները։

Եթե դուք ցանկանում եք հայտնել կողմնակի ազդեցության կամ արտադրանքի որակի վերաբերյալ բողոքի մասին, խնդրում ենք, կապվե´ք առողջապահության մասնագետների հետ (օրինակ` բժշկի կամ դեղագործի) կամ դիմե´ք կարգավորող մարմիններին: Դիմումները նաև կարելի է ուղարկել հետևյալ հասցեով` drugsafety.russia@bayer.com.